Յուշկապարիկին Բախտը

00000005 00000009 00000006 00000007 00000008                                        ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿԻՆ  ԲԱԽՏԸ

 

Լիալուսնի գիշեր էը, յուշկապարիկը յոգնած՝ ժայռին վրայ ելաւ: Ոսկեգոյն մազերը կը  ցոլանային լճին մակերեսը. ձկան պոչը եւ թեփերը արծաթի պէս կը փայլէին լուսնի լոյսին: Անձայն կու լար. մինչ հեռուն բլուրի մը վրայ վհուկ մը նստած զինքը  կը  դիտէր  ու  քրքիջներ   կ’արձակէր. կարծես ամպերը  կը  գոռային:

– Վա՜յ ,  խեղճ աղջիկ, դեռ  սնտուկը  չգտա՞ր, որուն մէջ գանձ պահուած  է: Եթէ կ’ուզե՞ս  սրունքներուդ  եւ   կեանքի ընկերոջդ  տիրանալ՝ փնտռէ’, գտի’ր  եւ  ինծի յանձնէ’:

– Չար վհուկ, մե՜ղք որ քու խօսքերուդ խաբուեցայ. անյագ արարած, վստահ եմ, որ  այդ գանձն ալ  քեզ  պիտի  չգոհացնէ:  Իսկական  գանձը՝ սիրով  լեցուն  սիրտն  է, բայց  դուն  անկէ զերծ  ես:

– Հա՜, հա՜, հա՜. գոռաց կրկին վհուկը: Դուն անմիտ  աղջիկ մըն ես. ի՞նչպէս գիտնաս  իսկական գանձին արժէքը: Շուտ մտի’ր  լճին  մէջ  ու  փնտռէ’  զայն: Տե’ս, բլուրին վրայ քեզ կը սպասէ  կեանքի  ընկերդ:

Ի՞նչ  աններելի  սխալ  մը  գործած  էին  երկու  սիրահարներ  .ամուսնութեան մասին  անկէ  օգնութիւն  խնդրելով:

Տղան՝ վհուկին  յանդիմանութիւնները  լսեց  ու  անոր  ձայնեց.

– Գանձերուդ  մէջ  պիտի   խեղդուի’ս   քարասիրտ  վհուկ, արձակէ’  սիրուհիս:

Վհուկը  երբ  այս  լսեց  շատ  զայրացաւ.

-Եթէ  լեզուդ  բերնիդ  մէջ  չպահես՝ քե’զ  ալ  անտառ  կը  ղրկեմ

վայրի  անասուններուն  իբր  կեր:

Երկու  սիրահարներ  արցունք  թափեցին.  Լիճը  յորդեցաւ,  ալիքները  փրփրեցան  դէպի  ժայռեր,  կարծես  վրէժ  լուծել  կ’ուզէին  վհուկէն:

Այս  ցաւալի  դէպքը  օդ, ջուր,  ու  ցամաք  հասաւ  բնութիւնը  տխրեցաւ:  Չար վհուկը  պատժելու  համար  գործի  լծուեցան.  արդեօք  ո՞ւր  էր  «Պարիկ»ը:  Մրտիմներու  երամ  մը  պարիկը  գտնելու  պաշտօնը  ստացաւ:  Լեռ,  սար  ու  ցոր թռան  ու  թռան:  Օրեր  ամբողջ  անօթի ծառաւ պարիկը  փնտռեցին  ու  վերջապէս   զինքը  գտան  գորշ  ամպերուն  մէջ:  Պարիկը անձայն  անշշուկ  կը  նստէր  աչքերը  յառած՝  ցպիկին:  Յանկարծ  ցպիկէն   լոյսեր  արձակուեցան:  Մրտիմներուն  աչքերը  շլացան  ու   բարձրերը  սլացան.  Յետոյ  վերադարձան  պարիկին  քով:  Պարիկը  բարիքներ  բաշխող  ուժը  կ’ամբարէր  ցպիկին  ծայրը,  որ  քանի  դպցնէր  չարիքները  կ’ոչնչացնէր:

Մրտիմները  անհամբեր  էին.  Միաբերան  պատմեցին  եղելութիւնը.  որպէսզի  պարիկը  ժամ առաջ  օգնութեան  հասնէր  երկու  սիրահարներուն:

–         Պարի՜կ,  պարի՜կ  մեզի  դարձի’ր,

–         Խեղճ  աղջկան  ճար մը  գտի’ր.

–         Ան  խաբուեցաւ  վհուկէ  մը,

–         Լացաւ,  պատմեց  իր  հոգերը.

–         «Խնդրեմ  օգնէ’  ինծի»  ըսաւ,

–         «Սիրահար  եմ  տղու  մը,

–         «Կ’ուզեմ  դառնալ  իր  կինը»:

–         Վհուկը  առիթէն  օգտուեցաւ.

–         Իբր  թէ  օգնել  խոստացաւ

–         Խեղճ  աղջկան  սապէս  ըսաւ.

–         «Քեզի  չեն  օգներ  մարդիկ

–         « Պէտք   է  դառնաս  յուշկապարիկ.

–         «Սնտուկ  մը  գանձ

–         «Որ  լճին  մէջ  է  պահուած»:

–         Խեղճ  աղջիկը  լողաց,  լողաց

–         Բայձ  չգտաւ  սնտուկ  մը  գանձ:

–         Օգնէ’  անոր  սիրուն  պարիկ

–         Որ  չունի  տէր,  ո’չ  ալ  տանիք,

–         Չուզեր  ըլլալ  յուշկապարիկ:

Պարիկը  խղճաց  աղջկան.  ցուպը  ձեռին՝  ամպերուն  մէջ  անհետացաւ:

Վհուկը  գտան  քարայրի  մը  մէջ.  ան  խոր  քունի  մէջ  էր:  Պարիկը,  ցպիկը  դպցուց  անոր  եղունքներուն,  որոնք  յանկարծ փրթան  ու  ոչնչացան:  Այլեւս  վհուկը  չարիք  գործելու  ուժը  չունէր:

Այդ  գիշեր  յուշկապարիկը  ժայռի  մը  վրայ  իր  չար  բախտին  մասին  կու լար.  Յանկարծ  տեսաւ  սրունքները:  Անհաւատալի  թուեցաւ  իրեն.  կրկին,  կրկին  շօշափեց  սրունքները,  ոտքի  ելաւ  ու  քալել  սկսաւ…:

Լիճին  մակերեսը  հանդարտ  էր  ու  կը  ծփար  լուսնի  լոյսը.  կարծես  աղջկան կը  ժպտէր:

Աղջիկը  ժայռէ  ժայռ  բլուրն  ի  վեր  մագլցեցաւ  եւ  գտաւ  իր  կեանքի  ընկերը:  Ան  ձեռքերովը  ծածկած  էր  իր  երեսը  եւ  կու լար:  Կամացուկ  մը  մօտեցաւ  տղուն,  ոսկեգոյն  մազերով  անոր  արցունքները  սրբեց:

Մրտիմներու  երամ  մը  կը  թռչտէին  անոնց  գլխուն  վերեւ  ու  անոնց  երջանկութիւնը  կը  բաժնէին:

Ուշադրութիւն  ըրած  է՞ք  արդեօք,  կարգ  մը  մրտիմներ  իրենց  աչքերուն  վերի  մասը  կը  կրեն  զոյգ  մը  սեւ  գիծեր.  թերեւս  պարիկն  է  որ  դրաւ,  իբր  նշան  այս  պատմութեան: